Ռազմական հակահետախուզություն
Ռազմական հակահետախուզությունն ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում իրականացվող գործառույթ է՝ ուղղված ՀՀ զինված ուժերի և այլ զինվորական կառույցների նկատմամբ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը: Ռազմական հակահետախուզությունն ազգային անվտանգության մարմինների գործունեության հիմնական ուղղություններից մեկն է: «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Ռազմական հակահետախուզական գործունեությունը լիազորված մարմնի ռազմական հակահետախուզական մարմնի (ծառայությունների, բաժինների, բաժանմունքների) կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում, այլ զորքերում և զինվորական կազմավորումներում, ինչպես նաև դրանց կառավարման մարմիններում՝ իրենց քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունները բացահայտելու, կանխելու և խափանելու, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներթափանցումից պաշտպանելու, ինչպես նաև մարտունակությունը և մարտական պատրաստությունը պահպանելիս հրամանատարությանն աջակցելու նպատակով»:
ՀՀ ԱԱԾ ՌՀՀ մարմինների գործունեության համար իրավական հիմք են հանդիսանում ՀՀ Սահմանադրությունը, «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքները, ՀՀ-ում գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշումը, ՀՀ ԱԱԾ կանոնադրությունը, ՀՀ ՊՆ և ԱԱԾ միջև հաստատված համատեղ հրամանները, ՀՀ ԱԱԾ ներքին (լոկալ) ակտերը և այլն:
ՀՀ կառավարության 1995 թ. հունիսի 6-ի թիվ 496 որոշմամբ՝ ՌՀՀ մարմիններն իրենց գործունեությունը ծավալում են որպես ԱԱԾ առանձին մարմին, իսկ մինչ այդ գործել են ՀՀ ՊՆ կազմում:
Ներկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ իրավիճակում ՀՀ ԱԱԾ ՌՀՀ մարմինները հաջողությամբ իրականացնում են օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթները՝ աչքի ընկնելով ՀՀ ազգային-պետական անվտանգությանն սպառնացող աղմկահարույց հանցագործությունների բացահայտումներով: Գաղտնիք չէ, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների համար առաջնային թիրախ են հանդիսանում ՀՀ զինված ուժերը: